Թալիբները պատասխանատվություն են ստանձնել երգիծաբանի սպանության համար: Սոցցանցերում լայնորեն մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երկու տղամարդ ծեծում եւ վիրավորում են Նազար Մուհամեդին, ով հայտնի է որպես Հաշա Ցվան: Ավելի ուշ նրան սպանեցին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը խոստովանել է, որ այդ երկուսը թալիբներ են, հաղորդում է AP-ն:

Մուջահիդի խոսքով՝ այդ անձինք ձերբակալվել են եւ պատասխանատվության կենթարկվեն: Նա պնդում էր, որ Կանդահար նահանգի հարավային հատվածից երգիծաբանը եւս Աֆղանստանի ազգային ոստիկանության սպա էր եւ մասնակցում էր «Թալիբանի խոշտանգումների եւ սպանությունների մեջ»: Մուջահիդն ասել է, որ թալիբները պետք է ձերբակալեին կատակերգուին եւ նրան բերեին թալիբների դատարան, այլ ոչ թե սպանեին»:

Մուհամեդն իր ելույթները տեղադրում էր TikTok-ում: Նա հայտնի էր իր կոշտ կատակներով, զվարճալի երգերով, ինքն իրեն ծաղրելով եւ հաճախ կատակելով թեմաների շուրջ, որոնք երկրպագուներն էին առաջարկում:

Սպանության դաժանությունը մեծացրեց վրեժխնդրությամբ դրդված հարձակումների վախը: Դա նաեւ խարխլեց թալիբների հավաստիացումները, որ նրանք չեն վնասի այն մարդկանց, ովքեր աշխատում են կառավարության, ամերիկյան բանակի կամ ամերիկյան կազմակերպությունների համար:
Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ են պահվում թալիբների կողմից իրենց գրաված տարածքներում: Դպրոցներն այրվել են, եւ կան տեղեկություններ կանանց նկատմամբ սահմանափակումների մասին, ինչպիսիք սահմանվել էին այն ժամանակ, երբ ապստամբները վերջին անգամ ղեկավարում էին Աֆղանստանը: Այն ժամանակ աղջիկներին թույլ չէր տրվում գնալ դպրոց, իսկ կանանց արգելված էր աշխատել: