Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշեր գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակեցին հետախուզական միջոցառումները՝ 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք տվեց հուլիսի 23-ին։ Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հունիսի լույս 10-ի գիշերը նա գողացել էր Աբովյան քաղաքի տարբեր մասերում կայանված «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների համարանիշերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 500, 150 և 400 հազար դրամ արժեքով, հետո տերերից շորթմամբ հափշտակել էր ընդհանուր 250 հազար դրամ։

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։