Հուլիսի 26-ին, ժամը 12.55-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ հայտնել էր, որ հուլիսի լույս 25-ի գիշերը իր տնից գողացել են փող, բջջային հեռախոս և հագուստ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Խմբին հաջողվել էր պարզել, որ շենքի առաջին հարկի բնակարան մտել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, իսկ այդ ընթացքում տանտերը տանը քնած էր:

Իրավապահների հարցին, թե ինչու էր մեկ օր ուշ դիմել ոստիկանություն, տանտերը պատասխանել էր, թե միայն այդ օրն էր նկատել կորուստը:

Ուշ ահազանգումն, իհարկե, միշտ էլ բարդացնում է ոստիկանների գործը: Ինչևէ: Ուսումնասիրվեց բնակարանը, պատուհանը, որով մուտք էին գործել, իրականացվեցին անհետաձգելի այլ գործողություններ:

Զուգահեռ Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ստացվեց տվյալ, որ գողությունը կատարել է Երևանի Լվովյան նրբանցքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Հուլիսի 27-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին:

Հարուցվել է քրեական գործ: Տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: