Էջմիածինցի երիտասարդը դժվար թե հատուկ տրամադրվածություն ունենար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչների նկատմամբ` փորձելով վտանգել նրանց բերքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սա, թերևս, այն դեպքերից է, երբ չնչին եկամուտ ստանալու նպատակով կատարված գողությունը կարող է դառնալ բազում վնասների պատճառ:

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին հուլիսի 26-ին: Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի իր բնակարանից նրանք բերման ենթարկեցին 27-ամյա երիտասարդին:

Նա խոստովանեց, որ մարտ ամսին Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղակայված հակակարկտային մի կայանից փորձել էր գողանալ մարտկոցը. դուռը բացել էր, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել ու դիմել էր փախուստի: Առաջին անհաջողությունը երիտասարդին չէր վհատեցրել:

Այդպես էլ չգիտակցելով արարքի հասարակական վտանգավորությունը` մի քանի օր անց կրկնել էր փորձը և այս անգամ` հաջող: Նույն բախտին էր արժանացրել նաև նույն համայնքի տարածքում տեղակայված հակակարկտային մեկ կայան ևս` հանել-տանելով մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: