Բալկանյան երեք երկրների ղեկավարները պայմանագրեր են ստորագրել 2023 թվականին իրենց ազգային սահմանները քաղաքացիների համար բացելու մասին, հաղորդում է AP-ն:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետներ Էդի Ռաման եւ Զորան Զաեւը երեք համաձայնագիր են ստորագրել:

«Եթե մեզ հաջողվի հաղթահարել վարչական խնդիրները, սահմանները բաց կլինեն 2023 թվականի հունվարի 1-ից: Բելգրադի եւ Տիրանայի միջեւ կանգառ չի լինի: Դա պատմական պահ կլինի»,- ասել է Վուչիչը:

Ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել առեւտրի եւ տեղաշարժի, աղետների կառավարման ոլորտում համագործակցության եւ աշխատաշուկայի ազատականացման դյուրացման համար՝ աշխատանքի թույլտվության պահանջների չեղարկամն եւ ընթացակարգերի պարզեցման հաշվին:

Սերբիայի, Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ ապրանքների, կապիտալի եւ մարդկանց ազատ տեղաշարժը թույլատրելու նախաձեռնությունը սկսվել էր 2019 թվականին եւ այժմ ստացել է «Բաց Բալկաններ» անվանումը:

Բոսնիա եւ Հերցեգովինան եւ Չեռնոգորիան նույնպես հրավիրվել են միանալու, բայց դեռ չեն արել դա:

Երեք առաջնորդները կրկին հայտարարել են իրենց հիասթափության մասին ԵՄ-ի կողմից Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության բանակցությունները չսկսելու կապակցությամբ՝ այն բանից հետո, երբ Բուլղարիան արգելափակեց Սկոպյեի հայտը: Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ անդամության թեկնածու է 2005 թվականից:

Զաեւն ասել է, որ ԵՄ-ի կողմից իր խոստումները չկատարելը ԵՄ մեկ անդամի հետ երկկողմանի խնդրի հետ կապված,« հակասում է եվրոպական գաղափարին, բուն ԵՄ շահերին»: Նրա խոսքով՝ Արեւմտյան Բալկանյան երկրները «չեն կարող սպասել ԵՄ բոլոր ներքին խնդիրների լուծմանը», որպեսզի տարածաշրջանը կարողանա առաջ շարժվել: