Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է երկիր վերադառնալու իր մտադրության մասին: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «մինչեւ հանրաքվեն»: Խոսքը հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին է, որոնք վրացական ընդդիմությունն իշխող կուսակցության վստահության հանրաքվեն է համարում, հաղորդում է Georgia-online-ը:

Սաակաշվիլին իր տեսաուղերձում մեկնաբանել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ «Վրացական երազանքի» որոշումը՝ միակողմանիորեն դուրս գալ այսպես կոչված Շառլ Միշելի համաձայնագրից՝ փաստաթուղթ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, որը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրվել էր իշխանությունների եւ ընդդիմության մեծ մասի կողմից:

«Երեկ Իվանիշվիլին ամբողջ աշխարհի առջեւ նախապես ընդունեց պարտությունը հոկտեմբերյան հանրաքվեին: Այն, ինչ նա արեց երեկ, աննախադեպ է Վրաստանի նորագույն պատմության մեջ, եւ միակ զուգահեռն այն է, ինչ արեց Յանուկովիչը, երբ դուրս եկավ ԵՄ-ի հետ համաձայնագրից 2013 թվականին: Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում Յանուկովիչի եւ նրա բանդայի հետ, բոլորը լավ են հիշում»:

Սաակաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքը» խախտել է իր պարտավորությունները՝ ոչ թե Եվրամիության կամ որեւէ քաղաքական կուսակցության, այլ վրաց ժողովրդի նկատմամբ:

Սաակաշվիլին պնդում է, որ իշխանությունները մտադիր են փակել ընդդիմադիր լրատվամիջոցները եւ սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով: «Այդ ընտրությունները, այնուամենայնիվ, տեղի կունենան, եւ ես կկատարեմ իմ պարտավորությունն ազգի եւ պատմության առջեւ եւ կգամ Վրաստան, այս անգամ՝ հանրաքվեից առաջ: Այս անգամ Իվանիշվիլին չի կարողանա ոտնատակ տալ վրաց ժողովրդին, նրա իշխանության վերջը եկել է»,- եզրափակել է Սաակաշվիլին: