ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ լիցքաթափել իրավիճակը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) եւ Իգոր Խովաեւի (ՌԴ) հայտարարության մեջ:

«Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերի, այդ թվում` զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ: Համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ լիցքաթափել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից եւ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հրադադարի մասին համաձայնեցված այլ պայմանագրերով:
Համանախագահները վերահաստատում են հակամարտության մնացած բոլոր հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը եւ կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին համանախագահների հովանու ներքո:

Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների կարողանան դիտարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի շարունակական ջանքերին»: