Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին։ Այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59- ամյա դիվանագետ Իգոր Խովաեւը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Խովաեւը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։

Իգոր Պոպովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է եղել 2010 թվականից։

Նշենք, որ նոր համանախագահը 1988թ.ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության։

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և վիետնամերեն լեզուներին: Ունի 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017 թվականի փետրվարին:

1988-ից 2004 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։