Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «թշնամական ուժերին» մեղադրել է «հուսահատ եւ համառ ռազմական զորավարժություններ» անցկացնելու մեջ եւ բանակին կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարտական արդյունավետությունը բարձրացնելու համար, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«Այժմ թշնամական ուժերը պարբերաբար շարունակում են մեծացնել իրենց հնարավորությունները՝ ԿԺԴՀ-ի ուղղությամբ հարված հասցնելու համար, եւ մեծացնում են սպառազինությունները՝ միեւնույն ժամանակ ակտիվացնելով հուսահատ եւ համառ ագրեսիվ զորավարժությունները»,-գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքը: 

Նա զինվորներին կոչ է արել իրենց կյանքը նվիրել ժողովրդի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ զինվորները պետք է հպարտանան, որ իրենք ժողովրդի երջանկության կերտողներն են:

ԿԺԴՀ առաջնորդը նման կոչ է արել Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ի բանակցությունների ֆոնին: Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն բանակցում են, թե արդյոք պետք  է եւ ինչպես անցկացնեն ամենամյա զորավարժությունները, որոնք սովորաբար անցկացվում են օգոստոսի կեսերին: Սեուլում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կարող են բացասաբար ազդել հաշտեցման տրամադրություններին, որոնք առաջացել  էին Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապերի վերականգնումից հետո: