«Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել եր երկրի սահմանները եւ սպասարկել մեևր ժողովրդի շահերը: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցություններին, նա ասաց. «Տարբեր աղբյուրներից այդ բանակցությունների մասին խոսք եղել է՝ կոմունիկացիաների բացում, սահմանների ճշգրտում, սահմանազատում, սահմանագծում, բայց մենք պետք է հասկանանք, թե ՀՀ իշխանությունների հայեցակարգը, մոտեցումն այս հարցերում որն է: Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները: Եթե ինչ-որ հարցերում համաձայնության չենք գալիս, թշնամին շարունակելու է ազատորեն ներխուժել ՀՀ տարածք տարբերչ ուղղություններով եւ մենք մեր անգործությունը շարունակելու ենք բացատրել, որ դիմադրություն ցույց չենք տալիս, որ նոր պատերազմ չլինի՞:

Իշխանությունն անկարող է այս հարցում: Ի պատիվ մեր զորամիավորումների, հրամանատարները տարբեր տեղեր դիմադրություն են ցույց տալիս, բայց ակնհայտ է, նույն սահմանների կահավորանքի հարցը, մենք գիտենք, թե ինչ անտեր ու քաոսային իրավիճակ է: 8 ամիս այս իշխանությունն ինչո՞վ էր զբաղված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում Գեղարքունիքի մարզի սահմանին, նաեւ առաջարկեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահմանապահների հենակետեր, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Նախ պետք է հասկանանք, թե ռուսական զորքն ինչ մանդատ է ունենալու, արդյոք ՀՀ-ն այլեւս չունի բանակ, հնարավորություն՝ ձեռնամուխ լինելու մեր սահմանների պաշտպանությանը: Պետք է հասկանանք՝ ինչ կա սրա տակ թաքնված, թե սա հերթական իրենց հայտարարությունն է՝ ՀՀ-ում հակառուսական  տրամադրություններ ստեղծելու: մենք տեսնում ենք, որ այս իշխանություններին սպասարկող տարբեր խմբեր եւ լրատվամիջոցներ շարունակում են հակառուսական քարոզչություն իրականացնել եւ սահմաններին տեղի ունեցողի մեղավորությունը տանել դեպի Ռուսաստան: Այս հայտարարությունն արդյոք այս շրջանակներում է, թե՞ կա պայմանավորվածություն, կան քննարկումներ, ռազմավարական նոր դաշինքի ստորագրման հավանականություն: Այս կարգի լուրջ ռազմավարական հայտարարությունները այս ձեւով ներկայացնելն անընդունելի է»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում կա խորը անվստահություն. «Նման գործողությունների արդյունքում կորցնելու ենք մեր ռազմավարական դաշնակցին, նոր դաշնակիցներ ձեռք չենք բերելու եւ ընդհանրապես Հայաստանը մեկուսանալու է, մնալու է միայնակ, փորձ է արվելու փոխել երկրի քաղաքական վեկտորը»: