Ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը, որը նրանք ցանկանում են իրականացնել այս փուլում, Հայաստանի վրա ճնշման ավելացումն է, որպեսզի պաշտոնական Երեւանը գնա որոշակի զիջումների մի շարք կարեւոր ուղղությունների գծով։ Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Մասնավորապես, փորձագետի կարծիքով՝ խոսքը Ղարաբաղի կարգավիճակի մասին է, այն մասին, որ Հայաստանը պետք է հաշտվի, որ իր տարաքծքում գտնվում են ադրբեջանցի զինվորականներ եւ այլն։ «Այսինքն՝ սադրանքները սահմանին հետապնդում են կոնկրետ նպատակ՝ մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, վերջինի կողմից հետագա զիջումներով»,- ասել է Սաֆրաստյանը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջերս արած առաջարկությունը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին՝ թուրքագետն ասել է, որ սա հենց այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկի եւ լրջորեն քննարկի այդ առաջարկը։ «Եվ եթե այս անգամ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, հանուն որոնց այն ստեղծվել է, ապա դա շատ մեծ հարցական կդնի կազմակերպության ապագայի վրա»,- ասել է Սաֆրաստյանը։