ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում է այն իրավիճակը, որ ունենք սահմանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Եկեք փաստենք, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ակնհայտ է, որ միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Դեռեւս մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, որ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, վերջին օրերին ակնհայտորեն սադրիչ գործողություններ են իրականացնում: Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանը եւ ՀՀ իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը եւ խաղաղությունը:

Ցավով պետք է արձանագրենք, որ նման սադրիչ գործողությունների արդյունքում մարդկային կյանքեր են զոհաբերվում: Ես բոլոր պատգամավորների անունից ցավակցում եմ, վշտակցում եմ մեր զոհված զինվորների հարազատներին, բայց  եւ նշում եմ մեր հաստատակամությունը, որ մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որեւէ զիջման ճանապարհ: Սրանով հանդերձ, կոչ եմ անում միջազգային կառույցներին դիմել հստակ, գործուն քայլերի»,-ասաց նա: