Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք հանգեցրեցին մարդկային զոհերի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տպագրության եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովի հայտարարության մեջ:

«Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ապաքինում մաղթում տուժածներին եւ վիրավորներին: Ցավոք, սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում խուսափել գործողություններից, որոնք հղի են իրավիճակի դեգրադացիայով: Կոչ ենք անում կարգավորել հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար: Մտադիր ենք ակտիվ աշխատել Անդրկովկասը անվտանգ եւ բարգավաճող գոտի դարձնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունը»,-ասվում է հայտարարության մեջ: