Հուլիսի 26-ի գիշերը Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման ենթարկեցին 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:

Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: