Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը», - ասված է հայտարարությունում։