Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ այսօր՝ հուլիսի 30-ին Հայաստանում մեկնարկել է  «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։ Միջոցառումը, որի նպատակը բնակչության շրջանում թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, կտևի մինչև դեկտեմբերի 2-ն՝ Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը։

ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մյուս գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և խնդրով մտահոգ այլ շահագրգիռ կողմերի հետ կիրականացնի միջոցառումների ծրագիր՝ քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման, թիրախային ու հասցեական օժանդակության տրամադրման ուղղությամբ։

«Այսօր ունենք դեպքեր, երբ զոհերն այլևս չեն խուսափում ներկայացնել իրենց պատմություններն՝ իրենց օրինակով փորձելով կանխարգելել թրաֆիքինգի դեպքերը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը ևս փաստում է, որ պետական մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում՝ թրաֆիքինգի դեպքերի մասին բարձրաձայնելու, կանխարգելելու և զոհերին աջակցելու ուղղությամբ։ Ցավոք, շատերը դեռ չեն կարողանում նույնականացնել խնդիրը․ հաճախ կրթությունից դուրս մնացած երեխան ենթարկվում է աշխատանքային շահագործման, քանի որ օրինակ՝ ուսուցիչը չի բարձրաձայնում, որ երեխան, իր կրթության իրավունքն իրացնելու փոխարեն, զբաղվում է  այլ աշխատանքով և դառնում շահագործման զոհ։

Ուզում եմ հստակ արձանագրենք, որ մարդիկ շահագործման կարող են ենթարկվել ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի սահմաններից ներս»,-նշել է Տ․ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ միայն միջգերատեսչական հետևողական և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստանալ այն պատկերը, որին ձգտում են բոլորը։

Տեղեկատվական արշավի մեկնարկին ելույթ են ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լ. Միլերը, ԱՆ նախարարի առաջին տեղակալ Ք. Գրիգորյանը, ՏԿՆ միգրացիոն ծառայության ղեկավար Ա. Ղազարյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Ավագյանը,  ՄԻՊ խորհրդական, GRETA-ի անդամ Ս․ Ղազինյանը, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ներգրավված շահագրգիռ այլ կողմեր։

Բանախոսներն ընդգծել են, որ յուրաքանչյուրի ջանքն այս հարցում կարող է կյանք փրկել, իսկ երբ անհատական ջանքը միահյուսվի պետության կողմից իրականացվող աշխատանքներին, կունենանք ինստիտուցիոնալ պայքար՝ ընդդեմ թրաֆիքինգի։

Այսօր, նաև, միջազգայնորեն նշվում է Blue Heart Campaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավ»-ը․ այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից (UNODC) 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը հենց կապույտ սիրտն է։ Այս տարվանից սկսած մեր երկիրը ևս միանում է վերոգրյալ արշավին և նշել այս օրը որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր։

Արշավի այս տարվա կարգախոսը հետևյալն է՝  #Victims’VoicesLeadtheWay – #Զոհերի ձայները մեզ առաջնորդում են։ Գաղափարախոսության հիմքում մարդկային թրաֆիքինգի զոհերն են, և կարևորվում է վերապրածներից լսել իրենց իսկ խոսքը: