Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վայոց Ձորի մարզպետարանից:

Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:

Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով, որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ:

Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում: