Հայիթիում խոշոր բիզնեսը կարող է կանգնած լինել երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետեւում: Այդ կարծիքն է հայտնել նրա այրի Մարտին Մոիզը The New York Times թերթին տված հարցազրույցում:

«Միայն օլիգարխներն ու համակարգը կարող էր սպանել նրան»,-պարբերականը մեջբերում է նրա խոսքերը: Ինչպես պնդում է թերթը, Մարտին Մոիզն անվանել է Հայիթիից խոշոր գործարար Ռեջինալդ Բուլոսի անունը, որը շահագրգռված էր նրա ամուսնու մահվան մեջ: Սակայն նա ուղիղ մեղադրանք չի ներկայացրել հարձակումը կազմակերպելու գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ, որոնք արել են դա, կալանավորվեն, հակառակ դեպքում կսպանեն ցանկացած նախագահին, որը կլինի իշխանության ղեկին»,-հավելել է նա: Մարտին Մոիզի կարծիքով՝ անհրաժեշտ է հետեւել՝ որտեղից են մարդասպանները ֆինանսավորվել եւ ով պետք է թաքցնի նրանց Հայիթիում: Ընդ որում՝ կինն ինքը պատրաստակամություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում բուժման ավարտից հետո:

Մարտին Մոիզը պատմել է հարձակման մի քանի մանրամասների մասին: Նրա երկու երեխաներին հաջողվել է փրկվել՝ թաքնվելով բաղնիքում, որը պատուհաններ չունեցող միակ սենյակն է: Նա հավելել է, որ զարմացել էր սպանության գիշերը նախագահի առանձնատանը պահպանության աշխատակիցների բացակայությամբ՝ չնայած սովորաբար նրանց թիվը կազմում է շուրջ 50-60 մարդ:

Հայիթիի առաջնորդի այրին նշել է, որ հարձակվողները փնտրել են ինչ-որ փաստաթուղթ ամուսնու թղթերում եւ արդյունքում գտել այն: Նա չի կարողացել պարզել՝ ինչի մասին էր դա:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է անհայտ անձանց կողմից հուլիսի 7-ին նրա առանձնատանը հարձակվելու հետեւանքով, այդ ժամանակ վիրավորվել է նաեւ նրա տիկինը: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին , որ հարձակվողները Կոլումբիայի առնվազն 26 քաղաքացիներ են, որոնց մի մասն արդեն բերման է ենթարկվել: Ժովենել Մոիզի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին հանրապետությաւն հյուսիսում:

Մարտին Մոիզը մի քանի շաբաթ բուժվել է Ֆլորիդայում: Նա շարունակում է գտնվել Հայիթիի սահմաններից դուրս: The New York Times-ը նշում է, որ հարցազրույցը տեղի է ունեցել Հարավային Ֆլորիդայում, սակայն զրույցի հստակ վայրը չի հիշատակվում կնոջ խնդրանքով: