Ուրբաթ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 14 միլիարդ դոլար եւ զիջել ամենահարուստ մարդկանց ցանկում առաջին հորիզոնականը Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահ Բերնար Առնոյին, տեղեկացնում է Forbes Real-Time-ը:

Amazon-ի բաժնետոմսերն էժանանում են ուրբաթ 7 տոկոսով: Նախօրեին ընկերությունը հրապարակել էր իր ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն որի՝ երկրորդ եռամսյակում Բեզոսի հասույթն աճել է 27 տոկոսով՝ հասնելով 113 միլիարդ դոլարի, ինչը վերլուծաբանների կանխատեսումներից ցածր է (115,3 միլիարդ): Միեւնույն ժամանակ երրորդ եռամսյակում Amazon-ն ակնկալում է ավելի պակաս հասույթ՝ 106-112 միլիարդ դոլարի մակարդակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Forbes-ի հաշվարկով՝ Բեզոսի կարողությունը կրճատվել է արդեն 14,4 միլիարդ դոլարով եւ կազմում է 191,9 միլիարդ դոլար: Առնոն կորցնում է ընդամենը 1,5 միլիարդ դոլար, եւ նրա կարողությունը հավասարվում է 194,2 միլիարդ դոլարի: Այդկերպ Բեզոսը դարձյալ հայտնվում է երկրորդ տեղում: Բերնար Առնոն արդեն գերազանցել է Բեզոսին ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում ընթացիկ տարվա մայիսին: Ցանկում երրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Իլոն Մասկը:

Amazon-ն աշխարհում խոշորագույն առցանց խանութներից մեկն է: Այս տարվա հուլիսին Բեզոսը լքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Բացի ԱՄՆ-ից, Amazon-ը գործում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայի երկրներում: Amazon ինտերնետային խանութը հիմնադրվել է 1995 թվականին: