Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ  Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման եւ տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։

«Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտում։

Պարոն Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Զրուցակիցները կարեւորել են երկու կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հիմունքներով համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գոյություն ունեցող կապերն ակտիվացնելու եւ շփումները պարբերական դարձնելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։