ՀՀ Քննչական կոմիտեում հուլիսի 28-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանային համալիրի  դիմաց տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ–ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մարգո Սարկիսյանն էր, իսկ նույն օրը դեպքի վայրում ոստիկաններին է մոտեցել  Երեւան քաղաքի բնակիչ,  28-ամյա Նորիկ Օհանյանը եւ հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը, ինչից հետո Կոտայքի ոստիկանները՝   նրան ներկայացրել են քննչական բաժին:

Կայքի  տեղեկություններով՝ քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, որ վրաերթը նա չի կատարել: Վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչՆերը աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյոք Ն. Օհանյանը ճիշտ է ասում, թե ոչ:

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ հուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ  էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում  Hyundai մակնիշի  ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով  անցնող կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը  տեղում մահացել էր, իսկ նրա  մարմինը մի քանի մասի էր բաժանվել: