Երեւանում, հուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները  մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: