Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքում բռնկված հրդեհից փրկված Հաթիջե Էնխոշն ասել է, որ ինքն ու իր ընտանիքը ստիպված են եղել փախչել կրակից՝ առանց իշխանությունների օգնության, որոնց նա մեղադրում է անփութության մեջ, հաղորդում է Ahval-ը:

Լճի մոտ գտնվող ռեստորանի սեփականատեր Էնխոշը հիշում է Մանավգաթում բռնկված հրդեհի առաջին գիշերը: Կեսգիշերն անցել էր, երբ նրանք հեռվից առաջին անգամ ծուխ տեսան: Կրակը նրանց հասավ ընդամենը 15 րոպեում:

Երեխաներին հավաքելուց հետո Էնխոշն ու նրա ընտանիքը թողել են ռեստորանը եւ փախել: Կրակը շատ արագ տարածվել է տարբեր ուղղություններով՝ ավտոմեքենայով հեռանալու համար, ուստի ստիպված էին նավակով անցնել լիճը:

«Եթե լիճը չլիներ, մենք ելք չէինք ունենա,- ասաց կինը:- Բոլոր ճանապարհները փակ էին»:

Էնխոշը հիշում է, որ իրենք զանգահարել են շտապ օգնություն, բայց միացել են միայն թեժ գծերին, որոնք խոստացել են օգնություն ուղարկել, բայց այդպես էլ չեն ուղարկել:

«Ես բողոքում եմ բոլոր իշխանություններից»,- ասել է նա՝ վիճարկելով նրանց պնդումները, թե իրենք ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ են ուղարկել օգնության:

«Օյմապինար պատնեշից մինչեւ Մանավգաթ պատնեշի հեռավորությունը մոտ 3-4 կիլոմետր է, -ասաց նա:- Եթե նրանք փրկարարական ջոկատից մեկին ուղարկեին, նա մեզ կգտներ 5 րոպեում»:

Էնխոշը հայտնել է, որ իշխանությունները, հակառակ իրենց պնդումների, «իրենց թողել են բախտի քմահաճույքին»:

Էնխոշի բարեկամը՝ փաստաբան Դիլշադ Էնխոշը, ասել է, որ իր հորաքրոջ 10 հոգանոց ընտանիքը կարող էր զոհվել այդ գիշեր:
«Նավակը մի քանի ժամ մնացել է կրակի մեջ: Իմ ընտանիքը ոչ ոք չփրկեց, նրանց բախտը բերեց եւ նրանք ինքնուրույն ողջ մնացին»,- ասաց նա: