Կիրակի ԱՄՆ-ում սպառվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընդունված անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը, հաղորդում է ABC News-ը:

Չնայած միլիոնավոր ամերիկացի վարձակալներ ստիպված կլինեն լքել իրենց տները՝ ԱՄՆ Սենատը շաբաթ արտահերթ նիստի ժամանակ չի դիտարկել այդ հարցը:

Ուրբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ յոթ շաբաթյա արձակուրդ է գնում՝ չվերանայելով վարձակալների պաշտպանության հարցը: Նիստերի վերջին օրը օրենսդիրները չեն կարողացել համաձայնեցնել այդ որոշումը մինչեւ դեկտեմբերի 18-ը երկարացնելու հարցը. հանրապետականներն արգելափակել են այդ նախաձեռնությունը: Բացի այդ, դեմոկրատների շրջանում այդ առաջարկը նույնպես ոչ բոլորն են սատարել, ինչի արդյունքում այն այդպես էլ չի ներկայացվել քվեարկության:

Կոնգրեսի առաջադեմ անդամները նախագահ Ջո Բայդենին եւ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշեկ Վալենսկիին ուղղված նոր նամակում կոչ են արել օգտագործել բոլոր լիազորությունները վտարման արգելքը երկարաձգելու համար:

Այդ որոշումն ընդունվել էր շուրջ մեկ տարի առաջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կողմից: Ավելի վաղ այն երկարաձգվել էր մինչեւ հուլիսի 30-ը: Կենտրոնի ներկայացուցիչը հաստատել է, որ օգոստոսի 1-ի դրությամբ արգելքը կավարտվի, այլ մեկնաբանությունների չի հնչեցրել: