Ներկայում ի հայտ են գալիս ավելի շատ նախանշաններ, որ կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող է հրահրել եւս մեկ համընդհանուր բռնկում Կանադայում, հաղորդում է СВС-ն:

Նոր բռնկման վտանգը սպասվում է՝ չնայած պատվաստման բարձր մակարդակի: Այսօրվա դրությամբ 10 կանադացու շրջանում 6-ը լիովին պատվաստված է: Այդուհանդերձ միլիոնավոր քաղաքացիներ դեռեւս անպաշտպան են:

Օնտարիայում եւ Քվեբեքում COVID-19-ով վարակվելու ամենօրյա նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, մինչդեռ նոր դեպքերի թիվը, որոնք գրանցվում են Բրիտանական Կոլումբիայում, եռապատկվել է վերջին երեք շաբաթների ընթացքում:

Ալբերտում վիրուսը տարածվում է ավելի արագ, քան նահանգում երրորդ ալիքի ժամանակ: Չնայած դրան՝ Ալբերտի իշխանությունները մտադիր են թուլացնել ամենակոշտ սահմանափակումները դիմակներ կրելու եւ մեկուսանալու նկատմամբ:

Անկախ դրանից՝ փորձագետները լավատեսական են տրամադրված եւ հույս ունեն, որ անգամ վարակվածների ընդհանուր թվի աճի դեպքում Կանադան ընդհանուր առմամբ կխուսափի ամենասարսափելի հետեւանքներից՝ ներառյալ առողջապահության համակարգի վրա  ճնշման բարձր մակարդակն ու զոհերի թիվը, որը դիտարկվել է հիվանդության նախորդ ալիքների ժամանակ: