Հանցավորությունը Հայաստանում աճելու է, որովհետեւ աճի համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը

«Հանցածին այն գործոնները, որոնք կան ու զարգացում են ապրում, չեն կրճատվում, չեն վերացվում, չեն չեզոքացվում, հետեւաբար որոշ հանցատեսակների աճն արդեն օրինաչափություն է ու քրեածին վիճակով դրանք գնալով ավելի բյուրեղանալու են ու ավելի խորանալու են, որովհետեւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են: Որպեսզի մենք խոսենք հանցավորության նվազման մասին, հանցածին գործոնների չեզոքացման մասին, մենք պետք է արձանագրենք մեր հասարակական կյանքում տեղի ունեցող մի շարք դրական փոփոխություններ, դրական տեղաշարժեր, որոնք իրենց ամբողջության մեջ կբերեն այդ վիճակին»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, ցավոք սրտի, ժամանակներն այնպիսին են, որ լավատեսական տրամադրությունների համար նախադրյալներ ինքը չի նկատում:
«Ոչ մի բարեփոխում չենք կարող արձանագրել, որ միտված է հանցավորության նվազեցմանը: Հասարակությունը գտնվում է հոգեբանական տագնապի վիճակում, խնդիրները սրանում են, սոցիալական հակասությունները շատանում են, քաղաքական համակարգում կոնֆլիկտայնությունը գերիշխող է, հասարակության ներսում կոնֆլիկտայնությունը գերիշխող է, ընդհանրապես կոնֆլիկտը խնդիրների լուծման ամենաէֆեկտիվ միջոցն է հանդիսանում եւ այս պայմանների ֆոնին չի կարող խոսք գնալ հանցավարության նվազման մասին: Ցավոք սրտի, ես այստեղ լավատեսական կանխատեսումներ չեմ կարող անել»,- հավելեց նա:
Նշենք, որ ըստ պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների նախորդ տարվա համեմատ նույն ժամանակահատվածում այս տարի ավելացել են հանցագործությունների թիվն ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում: