Կիրակի օրը Հունաստանի Հռոդոս կղզում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել, կանխարգելիչ նպատակով տարհանվել է երկու գյուղ, հայտնում է հունական StarTv հեռուստաալիքը:

Կրակը սկսվել է Սորոնի եւ Տոլոս գյուղերի միջեւ: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Փսինֆոս եւ Մարիցա գյուղերի բնակիչները, որոնց ուղղությամբ շարժվում էր կրակը: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Թիթեռների հովիտ, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում եւ հազվագյուտ արգելոց է Եվրոպայում, գտնվում է Հռոդոս քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք, հայտնում է ՏԱՍՍ -ը:

Ըստ նախնական հաշվարկների՝ գրեթե ամբողջ Ռոդոսը հրդեհի եւ այն վերացնելու գործողությունների արդյունքում մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության եւ ջրի: Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վերականգնումը սկսվել է երեկոյան եւ սպասվում է, որ շուտով կվերականգնվի ամբողջ կղզում: Ուժեղացված հրշեջներն ու կամավորները մնում են հրդեհի գոտում, իսկ հրդեհաշիջման ինքնաթիռները, այդ թվում՝ ռուսական Be-200ES երկկենցաղ օդանավը, աշխատել են մինչ ուշ երեկո:

Քաղաքացիների պաշտպանության եւ ճգնաժամի կառավարման համակարգման հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիասը կիրակի երեկոյան StarTv-ին հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Հունաստանում ավելի քան հարյուր անտառային հրդեհ է բռնկվել: «Վերջին օրերը ծանր էին, բազմաթիվ հրդեհներով: Այսօր մենք ունեցանք 60 հրդեհ, եթե գումարենք երեկվա 56 հրդեհը, ապա ընդամենը երկու օրվա ընթացքում ունեցել ենք 116 հրդեհ: Մինչ այժմ ամենամեծ հրդեհը Հռոդոսում է, որտեղ ամբողջ պետական ​​մեխանիզմը պայքար է մղում կրակի դեմ»,- ասել է փոխնախարարը:

Նա հայտնել է, որ հրշեջ ծառայությունը կշարունակի պայքարել ամբողջ Հունաստանում բռնկված հրդեհների դեմ: Կիրակի օրը հրդեհի դեմ հիմնական պայքարը, բացի Հռոդոսից, ընթանում էր երկրի հարավում գտնվող Պելոպոնես թերակղզու Աքեյա շրջանում, Սուֆլի քաղաքում (հյուսիս -արեւելք՝ Էվրոսի շրջան), Ագրինիո քաղաքի մոտ ( արեւմուտքում՝ Էթոլիայի եւ Ակարանիայի շրջանը), ինչպես նաեւ՝ երկրի կենտրոնական մասում գտնվող Լարիսա քաղաքի մերձակայքում:

Ընդ որում, կիրակի օրվանից հունական Պելոպոնես թերակղզու Աքեյա մարզի Զիրիա շրջանում մոլեգնող անտառային հրդեհը սկսել է մարել: Հունական հրշեջ ծառայության տվյալներով՝ այն երկու օրով մարվել է 294 հրշեջի կողմից 77 հրշեջ մեքենայով, հրշեջների յոթ ստորաբաժանումներով, ինչպես նաեւ հրդեհաշիջման հատուկ մոտոհրաձգային ստորաբաժանումով: Օդից աջակցություն էր ցուցաբերում հինգ հրշեջ ինքնաթիռ, այդ թվում՝ ռուսական Be-200ES-ը եւ յոթ ուղղաթիռ:

Վերջին օրերին Հունաստանում չափազանց շոգ եղանակ է: Երկրի մեծ մասում ջերմաստիճանը հասնում է 44-47 աստիճանի: Առաջիկա օրերին շոգը կուժեղանա, իսկ ջերմաստիճանը կսկսի նվազել միայն շաբաթ օրը: