«Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նորընտիր խորհրդարանի առաջին նիստին եկել էր շապիկով, որի վրա Սյունիքի կալանավորված 4 համայնքապետերի նկարներն էին, որոնցից երկուսը ընտրվել են պատգամավոր եւ թողել համայնքապետի պաշոտնը:

ԱԺ շենք մուտք գործելիս հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել խորհրդարանի շենքի մոտակայքում, նա պատասխանեց. «Ես էլ եմ, ճիշտն ասած, զարմացած: Ինձ թվում է, որ այդ հարցը պետք է ուղղեք գործող իշխանությանը: Տեսնում եմ կարմիր բերետավորների, անգամ զրահաբաճկոններով են, ենթադրում եմ՝ ինչ-որ մտավախություն ունեն»:

Հարցին, թե արդյոք ոևրեւէ բան ծրագրել են իրենք, նա արձագանքեց. «Մենք ինչ ծրագրավորել ենք, կհետեւենք մեր ծրագրին, դուք էլ ականատես կլինեք:

Մեզ մոտ կա մի խնդիր, որը մենք առաջ ենք քաշելու, դա կալանավորված մեր 4 ընկերներն են: Նրանք 4-ը չեն, ուղղակի այս 4-ն ընդգրկված են մեր ցուցակում: Այդ հարցը կարգավորելուց հետո նոր մենք կմտածենք, թե ոնց ենք իրենց հետ աշխատելու: Ամեն ինչ կլինի իր տրամաբանության մեջ եւ հետեւողական»:

Հարցին, թե դատապարտո՞ւմ են նոյեմբերի 9-ին ԱԺ-ում, կառավարության առանձնատներում բռնություն իրականացրած անձանց, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե դատապարտում եմ, այդ մեթոդներն անթույլատրելի են»: