Իշխանությունը պետք է նախ իշխանություն լինի, որ անի ինչ-որ քայլեր. այդ քայլերը պետք էր անել դեռ մայիսի սկզբին, երբ Ադրբեջանի զինուժը ներխուժեց Սեւ լճի տարածք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օրը ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով փաստին, որ Ադրբեջազնի զինուժն արդեն 3 ամիս է, որ գտնվում է ՀՀ տարածքում:

«Հիմա չափազանց դժվար է լինելու իրենց ինչ-որ կերպ այդտեղից դուրս հանելը: Նրանք առաջ են քաշել ինչ-որ X պահանջներ, որի վերաբերյալ ենթադրաբար կա նախնական համաձայնություն եւ ինչ-ինչ  պատճառով այդ ենթադրաբար համաձայնությունը չի կատարվում: Իմ կարծիքով, դրանով է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի զինուժի ակտիվությունը մեր սահմանների վրա: Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի զինուժի այս ակտիվությունը»,-ասաց նա: