Անտրամաբանական է, որ ընդդիմությունը, ունենալով թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն, դուրս գա փողոց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Եթե նրանք խորհրդարանում ունեն տեղեր, կարող են այնտեղից հնչեցնել իրենց բոլոր խնդիրները, փաստարկները, ապա ինչո՞ւ են նման քայլի դիմում։ Սա կդիտվի երկրի դեմ ուղղված գործողություն, որպես վնասարարություն։ Արդեն քրեաիրավական դաշտում պետք է քննարկել իրենց գործողությունները»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանի խոսքով, ժամանակը քիչ է, աշխատանքային ռեժիմը բավականին խտացված է լինելու եւ շատ լավ կլինի, եթե ընդդիմությունն այս ամենին մասնակցի կառուցողական:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները հայտարարում են, որ ճիշտ են անում իշխանությունները, որ վախենում են իրենցից, ՀՅԴ-ից, նաեւ ասում են, որ գալիս են քաղաքական դիակներին հողւարկավորելու,  ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Իշխանությունն է վախենում դաշնակների՞ց: Ես այդ հարցին չեմ պատռասխանի, կերեւա՝ ով ումից է վախենում:

Ցանկացած դեպքում անվտանգության կանոնները պետք է վերանայվեն, վերանայվել են, անվտանգության միջոցառումները ակտիվացվել են: Սա անկախ այն հանգամանքից, թե ընդդիմությունն ով է, ինչ է: Բայց ստեղծված իրավիճակում, որ պետք է անվտանգությանն ուղղված կանոնները, միջոցառումները պետք է ավելի ակտիվացնել, դա միանշանակ է եւ այդպես էլ արվել է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գումարման խորհրդարանը նույնպես սահմանված ժամկետից շուտ ավարտի իր աշխատանքը, Արմեն Խաչատրյանը ասաց. «Չեմ կարող ասել, թե քաղաքական ին զարգացումներ կլինեն, բայց շատ լավ կլինի, եթե օրենքով սահմանված ժամկետում մենք հասցնենք այն ամենը, ինչ խոստացել ենք ժողովրդին կատարել, սակայն քաղաքական զարգացումները չես կարող ասել՝ ինչ ուղղությամբ կընթանան: Մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք, մեզ մոտ որեւէ բան չի փոխվել, ընդամենը պետք է աշխատել ավելի հատու եւ արդյունավետ»,- հավելեց Արմեն Խաչատրյանը։