Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վարչապետը տեղեկացնում է այն պրոցեսներից, որոնք այս պահին ընթանում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Կարող էր և չասել, բայց Փաշինյանի ազնվությունը այն է, որ նա մեզ տեղակացնում է այն պրոցեսներին, որոնք այս պահին ընթանում են։ Թե ինչ գործիքակազմով մենք կկարողանանք իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, ապա մեր պատկերացնումների մեջ կան որոշակի կարմիր գծեր, որոնցից այն կողմ մենք չենք անցնելու։ Սակայն քանի որ մենք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկիր, կարծում ենք, որ կարող ենք նաև մեր ընդհանուր սահմանների պաշտպանության ժամանակ փորձել ներգրավել մեր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նոր Ազգային ժողովի գործողությունները պետք է ուղղված լինեն մեր հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովմանը։

«Իմ կարծիքով՝ անձեռմխելիության պաշտպանությունը պետք է լինի քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով, որովհետև ռազմական գործիքակազմը ծայրահեղ միջոց է։ Մենք ջանում ենք, որ ամեն ինչ չհասնի մարտական գործողությունների, որովհետև մարտական գործողությունների պարագայում մնացած ջանքերն առոչինչ են»,- ընդգծեց Գուրգեն Արսենյանը։