Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացել ենք մանդատ և եկել ենք խորհրդարան մեր պայքարը շարունակելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ընտրել են, որպեսզի հեռացնենք այս իշխանություններին։ Չի ստացվել, բայց մենք այդ պայքարը տեղափոխել ենք խորհրդարան, որ հասնենք մեր վերջնական նպատակին։ Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի, Արցախի , հանուն հայ ժողովրդի իրական ապագայի։ Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել։ Ինչ ասել եմ անցած ինն ամիսների ընթացքում փողոցում, պատրաստ եմ կրկնել յուրաքանչյուր րոպե այս ամբիոնում։ Մեր օրակարգը նույնն է, քանի որ նույնն են երկրի առաջ ծառացած խնդիրները»,- նշեց Սաղաթելյանը։