Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 11-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 10-ական, սառը զենք կրելու՝ 7, խուլիգանության՝ 6, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, շորթման՝ 3, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության՝ 2-ական, անձի առևանգման, շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հանցագործության, սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 3 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: