Ոստիկանության Սևանի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտ հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ռոստոմ Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են մի քաղաքացուհու անվամբ բանկի կտրոն, բանկային և զեղչի քարտեր, 12 000 դրամ, բժշկական ապահովագրական քարտ: Ռոստոմ Ա.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 1-ին գողացել է բժշկական կենտրոնի 1-ին հարկի միջանցքի պատուհանագոգին դրված պայուսակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:

Ռոստոմ Ա.-ն ձերբակալվել է:

Նախապատրաստվում են նյութեր: