Ստացվում է՝ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների նկատմամբ իրականացվող սահմանափակումներին։

«Ես չեմ հասկանում՝ սա ինչ նպատակ է հետապնդում, որովհետև եթե լրագրողներն այտեղ են աշխատում, ինչքա՞ն պետք է փախչեք լրագրողներից։ Սա հանրային դաշտ է, հանրային աշխատանք և մենք ընտրած մարդիկ ենք և մենք նաև հաշվետու ենք։ Հիմա ստացվում է, որ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց պատգամավորներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում։ Պողպատյա մանդատը սկսեց կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Ուզում են լրագրողներին զրկել ազատությունից և բացառիկ նյութեր անելու հնարավորությունից։ Այսպես խմբով դուք պետք է անեք այն նյութերը, որոնք ըստ էության պատվիրականում է անել իշխանությունը»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ լրագրողների նկատմամբ նախկին իշխանությունների օրոք ևս եղել են սահմանափակման փորձեր, սակայն դրանք ձախողվել են։

«Մենք ավանդույթի ուժով շարունակել ենք խորհրդարանում իրականացնել մեր աշխատանքն ազատ։ Մոտեցել ենք, որ պատգամավորին ցանկացել ենք և հարցրել այն, ինչ ցանկանացել ենք։ Բոլոր հնարավոր ձևերով ես կպայքարեմ, բայց ինչի կհասնեմ՝ չեմ կարող ասել»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։