Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, ով «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել էր որպես Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու, ներկայումս որպես պատանդ պահվում է գործող իշխանության կողմից: Այս մասին օգոստոսի 2-ին 8 -րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Զաքարյանի ձերբակալությունը:

Նրա խոսքով՝ այսպիսի քայլերը ներկայիս կառավարության անփոփոխ վարքագծի հստակ վկայությունն են: «Մենք հետեւողականորեն պայքարելու ենք մեր ընկերների ազատության համար: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրանք պետք է ազատության մեջ լինեն, այլեւ՝ այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք իրավունքը որպես այդպիսին: Այնպես որ, պատճառը բավականին պարզ ու հասկանալի է»,- ասաց Մինասյանը:

Նա նաեւ ներկաներին հիշեցրեց, որ Մխիթար Զաքարյանը Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից գտնվում էր առաջնագծում:

Արդյունքում, ինչպես նշեց խորհրդարանականը, ստացվեց այնպես, որ հայրենիքի պաշտպան որդիները գտնվում են ճաղերի հետեւում, իսկ դավաճաններն ու դիվերսանտներն ազատության մեջ են:

«Ավելին, հենց նրանք են ղեկավարում մեր երկիրը եւ որոշում դրա ապագան»,- եզրափակեց ընդդիմադիրը: