Գերմանիայում դատարանի առջեւ է կանգնել նացիստական SS-ի 100-ամյա նախկին պահապանը, որին սպանության մեղսակցության 3518 կետերով մեղադրանք է առաջադրվել: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի ծայրամասում գտնվող համակենտրոնացման ճամբարի պահապան է եղել:

Նեյրուպին նահանգի դատարանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դատավարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին: 100-ամյա տղամարդու անունը չի բացահայտվում՝ գաղտնիության գերմանական օրենսդրությանը համապատասխան, հայտնում է AP-ն:

Կասկածյալը, ինչպես նշվում է, 1942-1945 թվականներին աշխատել է Զաքսենհաուզենի ճամբարում՝ որպես նացիստական կուսակցության ռազմականացված թեւի շարքային անդամ:

Իշխանությունները նշում են, որ չնայած իր պատկառելի տարիքին, կասկածյալը դատավարության համար համարվում է բավական պիտանի, թեեւ դատական նիստերի օրական ժամերը կսահմանափակվեն:

Նեյրուպինի գործը 2019 թվականին փոխանցվել է Լյուդվիգսբուրգի հատուկ դաշնային դատախազության կողմից, որին հանձնարարված է հետաքննել նացիստական ժամանակաշրջանի ռազմական հանցագործությունները:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների` մեղադրյալը բնակվում է Բեռլինից դուրս` Բրանդենբուրգյան հողում: