Նորագույն տեխնոլոգիական միջոցներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն են տալիս օգտվել համակարգչից 11 ստեղն ունեցող ֆունկցիոնալ ստեղնաշարի կամ պարզապես աչքերը թարթելու միոջոցով․ ԱՍՀՆ խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետ այսօրվանից սկսել է ծանոթանալ  առաջարկվող նոր տեխնոլոգիաներին, գործնականում կիրառել դրանք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ապահովելու և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ու վերականգնումը,: Իրենց կողմից ստեղծած սարքավորումները հայ գործընկերներին անձամբ ներկայացնելու նպատակով էլ այս օրերին Հայաստանում են «Кey2enable» կազմակերպության ներկայացուցիչները։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամության ոլորտում․ վառ օրինակ է վերջերս  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է` միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից 4-ն անցկացվող վերապատրաստման դասընթացները հնարավորություն կտան լիարժեք պատկերացում կազմել «Кey2enable» կազմակերպության կողմից ներկայացվող տեխնոլոգիաների մասին և դիտարկել դրանք Հայաստանում կիրառելու արդյունավետության և հնարավորությունների մասին։

Նախարար Մկրտչյանը խոսել է նաև նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների ու այլ ծրագրերի մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այսօր կայացած միջոցառումը կվերածվի բազմաթիվ կյանքեր փոխելու հնարավորության և իր նպաստը կբերի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միասնական ջանքերին։