Ալժիրի իշխանությունները 30 տարվա ազատազրկմամբ կպատժեն անտառային հրդեհների մեղավորներին:

Ալժիրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդելհամիդ Աֆրան նշել է, որ երկրում անտառային հրդեհները հանգեցրել են «ծանր կորուստների»՝ ընդգծելով, որ երկիրը 30 տարվա ազատազրկմանը հավասար «խիստ պատիժներ» կսահմանի հրկիզողների համար, հաղորդում է MEM-ը:

«Տեղեկացվել է, որ հրդեհների 350 օջախները ոչնչացրել են ավելի քան 10 000 հեկտար տարածք»,- պարզաբանել է Աֆրան՝ նշելով, թե հետաքննությունները ցույց են տվել, որ հրդեհներ են տեղի ունեցել «հունիսի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկնող սովորական սեզոնից դուրս»:

Ալժիրցի պաշտոնյան մատնանշել է, որ հրդեհների հիմնական պատճառը եղել է մարդկային գործոնը, իսկ հանցագործների նպատակը` «գյուղատնտեսական կամ շինարարական նախագծերի համար տարածքն ընդլայնելը»: «Նման գործողությունները հանցագործություն են, որոնք պատժվում են ցմահ ազատազրկմամբ»: Նա նշել է, որ Ալժիրն աշխատում է «տեղական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքի արտադրության վրա, որը հաջորդ տարվա առաջին եռամսյակում կօգտագործվի անտառների մոնիթորինգի ու պահպանման համար»: