Պլաստիկով աղտոտումը դարձել է ծովային կյանքի ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը: Ավելի քան 700 տեսակ՝ կապույտ կետերից մինչեւ մանր կակղամորթներ, փոխազդում են օվկիանոսներում պլաստիկի հետ: Պլաստմասան այժմ կազմում է ծովային աղբի 80%-ը, գրում է HighTech-ը:

Նոր հետազոտությունը հաստատում է, որ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներից ծովային երիտասարդ կրիաները հաճախ պլաստիկ են ուտում:

Կրիաների օրգանիզմի ներսում պլաստիկը կարող է ներքին օրգանների խճճման եւ շնչահեղձության պատճառ դառնալ: Համարվում է, որ փոքր երիտասարդ կրիաներն առավել շատ են ենթարկված վտանգի, քանի որ նրանց բնակության գոտին պլաստիկով աղտոտվածության բարձր մակարդակ ունի:

Համարվում է, որ պլաստիկ ուտելը մահացու է՝ աղեստամքոսքային տրակտի պատռվածքի, խցանման կամ պերֆորացիայի պատճառով: Այն նաեւ հանգեցնում է թերսնման եւ քիմիական աղտոտման:

Կուլ տված պլաստիկի ամենաշատ քանակը հայտնաբերվել է կանաչ կրիաների մեջ՝ Հնդկական օվկիանոսում մեկ կենդանու մեջ եղել է 343 կտոր:

Պլաստիկ ուտող կրիաների տեսակարար կշիռը Խաղաղ օվկիանոսում շատ ավելի բարձր է եղել, քան Հնդկական օվկիանոսում: Խաղաղ օվկիանոսում հավաքված նմուշներից կանաչ կրիաները 83% դեպքերում պարունակել են պլաստիկ, հետո գալիս են մեծագլուխները` 86%, տափակները` 80%, եւ ձիթայինները` 29%: Մյուս կողմից, Հնդկական օվկիանոսի նմուշներից, հարթագլուխ կրիաներն ամենից շատ պլաստիկ են պարունակել (28%), դրանց հաջորդել են մեծագլուխները (21%) եւ ձիթայինները (9%):

Խաղաղ օվկիանոսում ձիթային կրիաների համար պլաստիկը կազմել է մարմնի ընդհանուր քաշի մինչեւ 0,9%-ը, իսկ Հնդկական օվկիանոսի տափակ կրիաների համար՝ մինչեւ 2%-ը: