Մադագասկարում բարձրաստիճան զինվորականներ եւ ոստիկաններ են ձերբակալվել՝ երկրի նախագահի անհաջող մահափորձի հետ կապված, հաղորդում է BBC-ն:

Ձերբակալվածների թվում են հինգ գեներալներ եւ մի քանի գործող ոստիկաններ, ներկայումս հետաքննության մեջ է գտնվում 21 մարդ:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, իշխանությունները առգրավել են նաեւ ատրճանակ եւ 250 000 դոլար:

Նախագահ Անդրի Ռաջոելինայի դեմ մահափորձը եւս մեկ ցնցում էր կղզի-պետության համար:

Covid-19 համավարակի պատճառով Մադագասկարը մեկուսացման մեջ է, եւ նրա հարավային շրջանը սովի է մատնված:

Իշխանություններն անցած ամիս հայտարարել են, որ տապալել են մի շարք մարդկանց եւ նախագահին «վերացնելու ու չեզոքացնելու» դավադրությունը: Դա տեղի է ունեցել ազգային ոստիկանության պետին սպանելու հերթական անհաջող փորձից մեկ ամիս անց:

Գլխավոր դատախազ Բերթինա Ռազաֆիարիվոնիի խոսքով, վերջիններից 12-ը «գործող զինծառայողներ եւ ոստիկաններ են, այդ թվում՝ հինգ գեներալ, երկու կապիտան եւ հինգ սպա»: Նրա խոսքով, ձերբակալվածներից չորսը թոշակի անցած ազգային եւ օտարերկրյա ոստիկաններ եւ զինվորականներ են, իսկ վերջին հինգը` քաղաքացիական անձինք:

Անցյալ շաբաթ ձերբակալվել են տեղի մի քանի բնակիչներ եւ օտարերկրացիներ:

47-ամյա Ռաջոելինան սկզբում իշխանությունը զավթել է 2009 թվականին Մարկ Ռավալոմանանայից՝ զինվորականների աջակցությամբ: Նա Ռավալոմանանային հաղթել է 2018 թվականի վերջին ընտրություններում: