Facebook-ի կողմից հաճախորդների սպասարկման ամերիկյան Kustomer ստարտափի ձեռքբերումը կարող է վնաս հասցնել մրցակցությանը եւ բարձրացնել նրա շուկայական դիրքը առցանց գովազդի ոլորտում: Այս մասին նախազգուշացրել են Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները՝ գործարքի լայնածավալ հետաքննություն սկսելով, հայտնում է Reuters-ը:

Եվրահանձնաժողովի քայլն արվել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի կարգավորիչների մտահոգության ֆոնին, որ խոշոր ստարտափների գնումները կարող են լինել, այսպես կոչված, «սպանիչ կլանում» խոշոր ձեռնարկությունների կողմից, որոնք նպատակ ունեն փակել նորաստեղծ մրցակիցներին:

Անցյալ տարվա նոյեմբերին Facebook-ը հայտարարել էր Kustomer-ը գնելու մասին՝ WhatsApp ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրն ընդլայնելու համար:

ԵՄ-ն կարծում է, թե գործարքը կարող է հանգեցնել նրան, որ Facebook-ն արգելափակի մրցակիցների հասանելիությունն իր WhatsApp, Messenger կամ Instagram ստորաբաժանումներին, որոնք առանցքային են հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) ծրագրային ապահովման համար:

Kustomer-ը CRM ծրագրակազմ է վաճառում ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շփվել սպառողների հետ:

ԵՄ կարգավորող մարմինը նաեւ մտահոգություն է հայտնել Kustomer-ի հաճախորդների տվյալների միջոցով առցանց գովազդային ծառայություններն ավելի անհատականացնելու եւ թիրախավորելու Facebook-ի կարողության վերաբերյալ, ինչը նրան առավելություն է տալիս մրցակիցների հանդեպ:

«Կարեւոր է մանրազնին ուսումնասիրել որոշակի շուկաներում գերակշռող ընկերությունների կողմից հնարավոր խնդրահարույց գնումները»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը: «Սա հատկապես վերաբերում է թվային հատվածին, որտեղ Facebook-ը առաջատար դիրք է զբաղեցնում ինչպես առցանց գովազդի, այնպես էլ ինտերնետի միջոցով հաղորդագրությունների փոխանցման ասպարեզում»,- ասել է նա:

Facebook-ը հայտարարել է, որ կշարունակի լիարժեք համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ: