ԱՊՀ երկրների երիտասարդները կարող են դրամաշնորհ ստանալ ռուսաց լեզվի թեմայով կրթական եւ գիտական նախագծերի մշակման համար: Մինչեւ օգոստոսի 19-ը կարելի է հայտ ներկայացնել երիտասարդների հումանիտար հետազոտական եւ նախագծային նախաձեռնությունների ակադեմիկոս Վ.Գ. Կոստոմարովի անվան մրցույթին։

Լավագույն տասը նախածերը կստանան 50 000 ռուբլու չափով դրամաշնորհ: Հաղթող հեղինակները կհրավիրվեն Մոսկվա` 2021 թվականի դեկտեմբերի մրցանակաբաշխությանն իրենց նախագծերը ներկայացնելու համար: Այս մասին պատմել է Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան։ «Մրցույթին մասնակցելու համար հրավիրում ենք ուսանողների, ասպիրանտների, ուսուցիչների, գիտնականների եւ մինչեւ 35 տարեկան երիտասարդ մասնագետների՝ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից: Մրցույթին կարելի է մասնակցել անհատապես կամ խմբով` մինչեւ հինգ մասնակից»,- ասել է Ռուսեցկայան: Հայտը կարելի է ներկայացնել մինչեւ օգոստոսի 19-ը ներառյալ:

Սեպտեմբերի 1-7-ը որոշվելու են տասը լավագույն նախագծերը: Մրցույթի հաղթողների ֆորումը տեղի կունենա Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին: Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում: Առաջին անվանակարգին կարող են մասնակցել տեղեկատվական-լուսավորչական նախագծերը, որոնք ուղղված են ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի եւ մշակույթի խթանմանը: Ձեւաչափերը կարող են տարբեր լինել՝ կայքեր, ռուսաց լեզվի վերաբերյալ բլոգներ, սոցիալական ցանցերում էջեր, YouTube-ում, Telegram-ում ալիքներ, ԶԼՄ-ներում հրապարակումներ, դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների վարում: Երկրորդ անվանակարգը ռուսաց լեզվի, գրականության բնագավառի հետազոտություններն են, այդ թվում՝մայրենիի հետ համադրությամբ, ռուսաց լեզվի ուսուցման համակարգչային դասընթացների եւ ծրագրերի օգտագործումը: