Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը կոչ է արել «անհապաղ միջոցներ ձեռնարկել» Իրանի դեմ՝ անցած շաբաթ Օմանի ափերին իսրայելական ընկերության կողմից շահագործվող նավի միջադեպի կապակցությամբ: Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրանին են մեղադրում Mercer Street նավթատար լցանավի վրա հարձակման համար:

Հանցը նավի վրա հարձակումն անվանել է «Իրանի կողմից հակամարտության լուրջ սրացում»:

«Իրանի ագրեսիան ընդհանրապես տարածաշրջանում եւ մասնավորապես ծովային ճակատում սրվում է: Հետեւաբար, մենք հենց հիմա պետք է գործենք Իրանի դեմ, որը ոչ միայն միջուկային ռազմական ծրագիր է փնտրում, այլ նաեւ հանգեցնում է սպառազինությունների վտանգավոր մրցավազքի եւ Մերձավոր Արեւելքում կայունության փլուզման»,- հայտնում է Times os Israel-ը:

Հանցը զգուշացրել է, որ «հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր գտնվում են Իրանում, Եմենում, Իրաքում եւ այլ երկրներում»:

«Իրանը գտնվում է դահիճ Էբրահիմ Ռաիսիի (Իրանի ընտրված նախագահ - խմբ.) իշխանության տակ, ով այս շաբաթ կստանձնի պաշտոնը եւ ավելի վտանգավոր կլինի աշխարհի համար, քան մինչ այժմ էր, ավելի կործանարար կլինի տարածաշրջանի համար, քան մինչ այժմ էր»,- ասել է Հանցը: «Մենք կգործենք ցանկացած նման սպառնալիք վերացնելու համար»:

Mercer Street-ը Ճապոնիային պատկանող եւ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող լցանավ է՝ օտարերկրյա անձնակազմով: Նրա միակ կապը Իսրայելի հետ այն է, որ նավը շահագործում է Լոնդոնում տեղակայված Zodiac Maritime ընկերությունը, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին: Այնուամենայնիվ, Իսրայելը կարծում է, որ հենց այդ պատճառով է այն խոցվել, եւ կարծում է, որ հարձակումը ուղղված է եղել իր շահերի դեմ: Թեհրանը մեղադրանքներն անհիմն ու սադրիչ է անվանել: