Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 3-ին շարունակում է իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեկ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին օրն էր, որի ընթացքում ԱԺ նախագահ ընտրվեց իշխող ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները չմասնացեցին քվեարկությանը:

ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝

-              Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

-              Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին

-              Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

-              Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

-              Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: