Լոռու մարզի դատախազությունն էականորեն ակտիվացրել է դատախազական լիազորությունների և ներգործության միջոցների գործադրումն իր իրավասության շրջանակում:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի համատեքստում 2021թ.-ի առաջին կիսամյակում էականորեն ընդլայնել է ուսումնասիրությունների շրջանակը: Եթե 2020թ.-ին ամբողջ տարվա ընթացքում նախաձեռնվել է նման 34 ուսումնասիրություն, ապա 2021թ.-ի միայն առաջին կիսամյակում՝ 289-ը: Վերջիններս ընդգրկում են պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ծառայությունների, կրթության և գիտության, բնապահպանության, առողջապահության  ոլորտները:

Պետությանը  պատճառած վնասը վերականգնելու ուղղությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան  ներկայացվել է 1, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ 4 հայց, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 14․690․400 ՀՀ դրամ գումար։ Ներկայացված հայցերից մեկը՝ 12․885․000 ՀՀ դրամի չափով, բավարարվել է, իսկ մյուսների մասով դեռևս դատաքննությունը շարունակվում է։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու և վարչական պատասխանատվության ներգործության միջոցներ կիրառելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնին  67 դեպքով տրվել են գրավոր հանձնարարակններ: Դրանց հիման վրա կիրառվել է վարչական տուգանք 7․400․000 ՀՀ դրամի չափով, որից որպես տուգանք վճարվել է 1․500․000 ՀՀ դրամի չափով, իսկ 4․713․000 ՀՀ դրամի չափով տուգանքը վճարելու համար համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ԴԱՀԿ ծառայություն։

Մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ընթացք է տրվել 985 քրեական գործի: Դատարան է ուղարկվել 141 քրեական գործ 166 անձի վերաբերյալ, որոնցից 5 քրեական գործ 7 անձի նկատմամբ եղել են կոռուպցիոն բնույթի։

Դատարանում ավարտվել է 115 քրեական գործ  132 անձի վերաբերյալ, որից 4-ը՝ 5 անձի նկատմամբ, եղել են կոռուպցիոն բնույթի։

Տարբեր բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով համայնքի ղեկավարներին, Հայանտառ ՊՈԱԿ-ին, Լոռու մարզպետին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարներին ներկայացվել է տարբեր խնդիրների վերաբերյալ ընդհանուր առմամբ 127 միջնորդագիր (2020թ.-ի ամբողջ տարվա ընթացքում՝ 10), որոնց քննարկման արդյուքնում ձեռնարկվել են միջնորդագրերով բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ, իրենց գործառույթների մեջ թերացած պաշտոնատար անձանց, ծառայողների նկատմամբ կիրառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր՝ ընդհուպ աշախատանքից ազատում:

Մարզի դատախազության հսկողության տիրույթում քննված քրեական գործերով կամ նախապատրաստված նյութերով իրավապահ մարմինների և այլ պետական պաշտոնատար անձանց վերադասներին ծառայողական պարտականութոյւնները ոչ պատշաճ կատարելու առնչությամբ ներկայացվել է  ծառայողական քննություն անցակացնելու 27, կամ 2020թ.-ի ամբողջ տարվա համեմատ՝ 2.4 անգամ ավելի միջնորդություն, որոնց արդյուքնում կիրառվել են տարբեր տեսակի կարգապահական ներգործության միջոցներ։

2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնելու լիազորությունների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործի հարուցումը մերժված 12 նյութով որոշում է կայացվել դրանք վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին՝ առերևույթ հանցագործության հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների ամբողջությունն ապահովելու, առանձին դեպքերում՝ նաև քննությունների թերությունները վերացնելու նպատակով։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդպիսի 2 որոշում է կայացվել: