Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, 8-րդ գումարման ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ դա հաստատվեց իրադարձություններով, որոնք տեղի ունեցան Գեղարքունիքում անցած շաբաթ:

«Այդ ժամանակ մեր ԶՈւ-ն փայլուն կերպով դիմակայեց հակառակորդի հարձակմանը»,-ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Սեւ լճին, Գեղարքունիքին, այլ հատվածներին, որտեղ ադրբեջանական զորամիավորումներ կան, դրանք գտնվում են ապօրինի եւ պետք է լքեն այդ տարածքները:

«Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունն ու չկատարել տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման հարցով անցած տարվա նոյեմբերի 9-ին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության պարտավորությունները: Մենք փորձում ենք հարցը լուծել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»,- նկատեց Ռուբինյանը: