Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքը, որը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել պատվաստում չստացած աշխատակիցներին։ Երեքշաբթի փաստաթուղթը հրապարակվել է «Ժողովրդական խոսք» թերթում, որը հանրապետության խորհրդարանի եւ կառավարության տպագիր օրգանն է։

Օրենքի համապատասխան՝ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում մտցվել է փոփոխություն, ըստ որի՝ վարակիչ հիվանդությունների սպառնալիքի առկայության պարագայում կանխարգելիչ պատվաստումից աշխատակցի հրաժարման դեպքում (առողջական վիճակի հակացուցումների բացակայության պարագայում), գործատուն իրավունք ունի թույլ չտալ նրան աշխատել։ Օրենքի («Քաղաքացիների առողջության պահպանման մասին») 28-րդ հոդվածում  մտցվել է կոնկրետ նորմ, որի համաձայն՝ Ուզբեկստանի Հանրապետության պետական գլխավոր սանիտարական բժշկի որոշմամբ կարող է մտցվել բնակչության [պարտադիր] կանխարգելիչ պատվաստում կարանտինային եւ մարդու համար վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում։

Ավելի վաղ, կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի որոշմամբ,  հուլիսի 17-ից Ուզբեկստանում մտցվել էր պարտադիր պատվաստում COVID-19-ի դեմ կրթական, բժշկական հաստատությունների աշխատակիցների, պետծառայողների, առեւտրային ձեռնարկությունների եւ մի շարք այլ քաղաքացիների համար։

Ուզբեկստանի օրենսդրության համապատասխան՝ աշխատանքային օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրենքը եւ «Քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը ուժի մեջ են մտել դրանց պաշտոնական հրապարակման պահից։

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը Ուզբեկստանում սկսվել է ապրիլի 1-ից։ Վերջին տվյալներով՝ հանրապետության 34,5 մլն քաղաքացիներից լիովին պատվաստվել է ավելի քան 1,2 մլն-ն։ Պատվաստման համար արդեն օգտագործվել է պատվաստանյութի ավելի քան  7,5 մլն չափաբաժին։

Օգոստոսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 131 978 դեպք, 125 572 պացիենտ ապաքինվել է, 893-ը՝ մահացել։