Չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, 2020թ. հետո առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի բռնկում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Global Times պարբերականին։

Տեղի իշխանությունները պատրաստ են համաքաղաքային թեստավորում անցկացնել։ Քաղաքի վարչակազմն արդեն արգելափակել է շրջանը, որտեղ գրանցվել են վարակի դեպքեր։ Քաղաքում աշխատանքը դադարեցրել են բոլոր ուսումնական հաստատությունները։ Առողջապահական ծառայություններն արագացրել են ուսուցիչների եւ ուսանողների պատվաստումը։ Փակ են մետրոյի որոշ կայարաններ, իսկ ուղեւորները նորից պարտավոր են դիմակներ կրել եւ չափել ջերմությունը։

Ուհանի բնակիչները պարբերականին ասել են, որ արդեն այժմ շատերը զգուշանում են դուրս գալ փողոց եւ փորձում են նախապես մթերքներ կուտակել։ Քաղաքացիների մի մասը կարծում է, որ, չնայած մտցված սահմանափակումներին, բռնկումը կարող է անկառավարելի դառնալ։

Քաղաքի խոշոր սուպերմարքեթները լրացնում են մթերքի պաշարները, որպեսզի իրավիճակի վատթարացման դեպքում ապահովեն քաղաքացիներին ու կայուն պահեն գները։ Աշխատակիցների խոսքով՝ ամենօրյա մատակարարումները կուղարկվեն փակ համայնքներ եւ կբաշխվեն ըստ տների։

COVID-19 թոքաբորբի բռնկումը, որն առաջ եկավ նոր տիպի վիրուսից, առաջին անգամ գրանցվել է 2019թ. վերջին չինական Ուհան քաղաքում։ 2020թ. մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց, որ իրավիճակը կարելի է բնութագրել որպես համավարակ։ Չինական իշխանությունները եւ հետազոտողները քանիցս հարցականի տակ են առել Ուհանում վիրուսի առաջ գալու վարկածը։