Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, աջակցում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ Երեւանի մոտեցմանը: Այս մասին օգոստոսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական զորքերը շարժվեցին ՀԽՍՀ սահման, այդ թվում՝ Զանգելանի շրջանից, որպեսզի հետագայում գործեն միջազգային անվտանգության երաշխիքները, քանի որ Հայաստանի սահմանը եւս ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում է: «Կանխատեսում եմ ձեր հակադարձ հարցը. ինչո՞ւ այն ժամանակ այդ երաշխիքները չաշխատեցին, երբ ադրբեջանական զորքերը մայիսին հատեցին Հայաստանի Հանրապետության սահմանը: Հարցը ճիշտ է, եւ մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված միջոցառումներն իրականացվեն»,- հավելեց Ռուբինյանը: